2011 թվականին երեւանյան խոշոր գրախանութներում ամենամեծ պահանջարկ ունեցող գիրքը եղել է Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները»: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ընդհանրապես Հովհաննես Թումանյանը Հայաստանում բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակն է: Այս տեսակետին է «Գրքերի աշխարհ» գրախանութների ցանցի մենեջեր Մարիամ Վարդանյանը: Նա հրաժարվել է մեր թղթակցին ասել, թե նշված գրքից քանիսն է վաճառվել, ասել է միայն, որ ներկա պահին էլ վաճառվում է օրական 2-3 օրինակ, իսկ Ամանորի ընթացքում մինչեւ 10 օրինակ: Ամենակոպիտ հաշվարկով ստացվում է` տարվա ընթացքում 720 հատ (օրական երկու հատի դեպքում) կամ ենթադրենք` 800-900 հատ:
Այսինքն, ՀՀ-ում ամենապահանջված գրքից մեկ տարվա մեջ նույնիսկ 1000 օրինակ չի վաճառվում: Մեկնաբանությունն ավելորդ է: Վարդանյանն ասել է նաեւ, որ 2012 թ.-ի ընթացքում «Հեքիաթներին» գումարվել է նաեւ Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկոսը», որը վաճառվել է ամեն օր` վեց ամիս շարունակ (մեկ օրինակի դեպքում ստացվում է 180 հատ, երկուսի դեպքում 360): «Հեքիաթների» արժեքը 4300 դրամ է, «Ալքիմիկոս»-ինը` 1500»,- գրում է «Հայկական ժամանակը»։





























