2013 թվականին կշարունակվի գյուղատնտեսական ոլորտին տրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը պետական բյուջեից: Այդ մասին ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
Նախատեսվում է 2013 թ. հատկացնել 634.5 մլն դրամ` 2012 թ. 578 մլն դրամի դիմաց:
Այս ծրագրով ֆինանսավորվում են եւ իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ կառավարության սահմանած կարգի՝ նախատեսվում է սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների տրամադրված վարկերի տոկոսադրույքները 4-6 տոկոսի չափով:
Նշենք, որ պատգամավոր Վահագն Մախսուդյանը ԱԺ-ում հատարարեց, որ գյուղացիական տնտեսությունների մոտ կեսը բանկերի մոտ գրավ է դրել կամ տունը, կամ հողամասը: Այսինքն՝ գյուղացիական վարկավորումը դեռեւս շարունակում է մնալ ռիսկային՝ նույնիսկ տոկոսադրույքների սուբսիդավորման պայմաններում:
Նշենք, որ ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագրի, օգոստոսի դրությամբ առեւտրային բանկերը գյուղատնտեսության ոլորտը վարկավորել են 99.5 մլրդ դրամի չափով, ինչը ընդհանուր վարկային ներդրումների մոտ 6.6%-ն է:





























