18-ամյա Ա. Ու-ն  եւ Վ.Խ-ն զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու համար հրամանատարությանը հայտնել են, իբրեւ նույնասեռական են: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք այդ կերպ ցանկացել են ազատվել ծառայությունից: Գորիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Ա. Ու-ին  եւ Վ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՊԲ թիվ N զորամասի ժամկետային զինծառայող, 2012թ. հունիսի 20-ին կամ 21-ին ստել են հրամանատարությանը` հայտնելով իբրեւ նույնասեռական են: Նրանք կարծել են, թե  նույնասեռականներին վերջնականապես ազատում են զինվորական պարտականությունները կրելուց եւ վաղաժամ արձակում ԶՈՒ շարքերից: Սակայն սահմանված կարգով հրամանատարության նախաձեռնությամբ ՊԲ հրամանատարի հրամանով հետագա ծառայությունը շարունակելու նպատակով տեղափոխվել է ՊԲ մեկ այլ զորամաս:

Նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի  2-րդ մասով` իրեն, որեւէ վնասվածք պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլացիայի, կեղծ փաստաթղթեր օգտագործելու կամ խաբեության այլ միջոցով կամ ապօրինի այլ եղանակով զինծառայողի կողմից զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելը, որը կատարվել է զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով:

Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Դատական քննությունը նշանակվել է նոյեմբերի 13-ին: