ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ձեռնարկությունը առաջարկում է ֆինանսական ծառայություններ բջջայինի միջոցով` USSD հրահանգների վրա հիմնված, ինչպես նաեւ առցանց` կայքի միջոցով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, այսօր մեկնարկած ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երեւանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման եւ փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում:

Ըստ հաղորդագրության՝ ՄոբիԴրամը ներկայացնում է հաճախորդների սպասարկման բոլորովին նոր մակարդակ` հնարավորություն ընձեռելով Հայաստանի բնակչությանն օգտվելու փոխանցման եւ վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» եւ «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամի որեւէ մասնաճյուղ:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական եւ միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաեւ «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաեւ բջջային եւ ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական եւ այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաեւ կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները եւ կատարել այլ վճարումներ։

Հատկանշական է, որ ՄոբիԴրամի միջոցով USSD հրահանգների օգնությամբ ֆինանսական գործառնություններ կարելի է կատարել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն` ՄոբիԴրամի միջոցով գործարք կատարելու համար անհրաժեշտ չէ ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց որեւէ հատուկ ծրագիր ներբեռնելու:

«ՄոբիԴրամը հնարավորություն է ընձեռում հոգալու մեր հաճախորդների կարիքները` առաջարկելով հեշտ եւ արագ էլեկտրոնային վճարումների եւ ֆինանսական գործարքների ծառայություններ` գումարների կառավարման առավել արդյունավետ տարբերակով: ՄոբիԴրամի միջոցով սովորական բջջային հեռախոսը վերածվում է վճարումներ կատարելու հարմարավետ գործիքի»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: