Հայաստանի Կենտրոնական բանկի ծախսերի հիմնավորման մեջ վրիպակ է եղել:Այդ մասին NEWS.am-ին ուղղված պարզաբանման մեջ նշել են ԿԲ մամուլի ծառայությունից:  

ԿԲ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «NEWS.am կայքում նոյեմբերի 9-ի «Կենտրոնական բանկը որոշել է հայտարարություն տպել այլեւս լույս չտեսնող «Կապիտալ» թերթում» վերտառությամբ լուրի կապակցությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկը իր հայտարարությունները տպագրում է «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց Աշխարհ», «Առավոտ» եւ «Գոլոս Արմենիի» թերթերում: Ցավոք, տեխնիկական վրիպակի պատճառով 2013 թ. ծախսերի հիմնավորման մեջ տեղ է գտել «Կապիտալ» թերթի անվանումը»:

Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Հայաստանի կենտրոնական բանկը 7 մլն դրամ է նախատեսել իր 2013 թ. վարչական բյուջեում` հայտարարությունների հրապարակման նպատակով: Ըստ ՀՀ կառավարության բյուջետային ուղերձի թիվ 10 հավելվածի, ԿԲ հաշվեկշիռները, արտաքին պահուստների մասին տեղեկատվությունը, անպարտաճանաչ վարկառուների ցանկը, թափուր աշխատատեղերի եւ ձեռքբերման մրցույթների մասին հայտարարությունները տպագրվելու են «Ազգ», «Հայաստանի Հանրապետություն», «Հայոց Աշխարհ», «Առավոտ», «Գոլոս Արմենիի», «Կապիտալ» թերթերում:

Նշենք, որ «Կապիտալ» թերթը լույս չի տեսնում 1 տարուց ավելի` 2011 թ. հուլիսից: