Ուկրաինական ձեռնարկությունները պատրաստ են սարքավորումներ մատակարարել Մեծամորի ատոմակայանի համար։ Այդ մասին նոյեմբերի 19-ին Երեւանում հայտարարել է Տնտեսական հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ուկրաինայի պետական գույքի եւ կորպորատիվ իրավունքների կառավարման պետական գործակալության նախագահ Դմիտրի Կոլեսնիկովը։
«Ուկրաինական «Տուրբոատոմ», «Էլեկտրոտյաժմաշ», «Զորյա-Մաշպրոեկտ» ձեռնարկությունները կարող էին մասնակցել Հայաստանի էներգետիկ ոլորտին անհրաժեշտ սարքավորումների մատակարարմանը։ Մենք կարող ենք առաքել տուրբիններ, գեներատորներ, ավտոմատ կարգավորման եւ կառավարման համակարգեր»,- ասել է Դմիտրի Կոլեսնիկովը։ Ուկրաինան զգալի փորձ ունի նաեւ ատոմակայանների համար անհրաժեշտ սարքավորումների արտադրությունում։
«Ձեռնարկությունները պատրաստ են, անհրաժեշտ է հաշվարկել տարբերակները եւ պայմանավորվել»,- ավելացրել է Կոլեսնիկովը։
Ուկրաինական ձեռնարկություններն ունեն նաեւ էլեկտրահաղորդման գծերի շինարարությունում հայկական կողմին խորհրդատվություն տալու հնարավորություն։
Ուկրաինայի եւ Հայաստանի տարածքում համատեղ նախագծերի ստեղծման հարցը ուկրաինական կողմը բարձրացնում է 2010-ից։
«Կան առաջարկություններ նաեւ գյուղատնտեսական մեքենաշինության եւ ավիացիոն տեխնիկայի ոլորտենրում։ Մենք ցանկանում ենք առեւտրից անցնել բարձրտեխնոլոգիական ուղղությունների»,- ավելացրել է Կոլեսնիկովը։





























