Կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌՀՀ պրոֆեսոր Էդուրադ Յավրույանի հարցազրույցը NEWS.am-ին.
Վերջին շրջանում շատ է խոսվում գայլերի խնդիրների մասին: Խոսվում է նրանց որսալու, նրանց հասցրած վնասի մասին: Ի՞նչ եք կարծում, իրականում մարդկա՞նց է պետք գայլերից պաշտպանել, թե՞ գայլերին` մարդկանցից:
Դա այնպիսի հարց է, որ չարժե բնապահպաններին տալ: Միանշանակ է, որ մարդն այսօր ավելի շատ է գայլի նման, քան խեղճ գայլը, որին առաջարկում են ոչնչացնել: Շատ եվրոպական երկրներ նման քաղաքականության արդյունքում զրկվեցին ֆաունայի այդ հրաշալի ներկայացուցչից: Հայաստանին այս առումով փրկում են տարածքի ոչ մեծ չափերը, մենք դեռ գայլերի համար պայմաններ ունենք: Սակայն մարդը մշտապես հետապնդում է նրանց` պատճառաբանելով, թե նրանք ոչնչացնում են ոչխարներին եւ այլն: Իսկ ինչո՞վ պետք է սնվեն այդ գայլերը, երբ բնության կողմից նրանց համար ստեղծված կերը մարդը վաղուց ոչնչացրել է կամ հասցրել նավազագույնի: Կան վայրեր, որտեղ անգամ մկնանման կրծողներն են ոչնչացված:
Գայլերին որսալու առիթ է հանդիասնում այն, որ նրանք վնասում են գյուղատնտեսությանը, վնաս են հասցնում գյուղացիներին: Համաձա՞յն եք նման փաստարկների հետ:
Բոլորն ասեւմ են` գայլը գյուղ է մտել, իսկ ուրիշ ո՞ւր պետք է մտնի գայլը: Մարդկանց վրա հարձակվելու դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել, բացառությամբ, մեկ –երկու միջադեպի, երբ մարդը մենակ է եղել բնակավայրերից հեռու, մթնշաղին:
Կան երկրներ, որտեղ գայլերի նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է: Գայլերին կերակրում են, հատուկ դիակային փոսեր սարքում նրանց համար: Ինչո՞ւ որոշ երկրներում արջերը կարող են գյուղեր, առողջարաններ մտնել, լուսամուտները թակել, եւ մարդիկ դրան նորմալ են վերաբերվում: Իսկ մեզ մոտ, եթե գայլը մի քանի ոչխար է կերել, ուրեմն պետք է վերացնել նրանց: Խնդիրն առկա է, այն պետք է դիտարկել տարբեր տաեսանկյուններով եւ համալիր լուծում տալ: Անհրաժեշտ է վնասի փոխհատուցման խնդիրը կարգավորել, ոչ թե գայլերին ոչնչացնել:
Նրա համար, որ գայլերին հաջողվում է այս պայամաններում գոյատեւել, նրանց արձանը պետք է կանգնեցնել: Դրանք կենդանիներ են, որոնց հաջողվում է ապրել այնպիսի պայմաններում, որտեղ մարդը չէր կարող ապրել: Ես հայտնի բնապահպան եմ եւ չէի կարող ապրել նման պայմաններում: Ինչ վերաբերում է լիցենզիաներին, ապա ինչ-ոչ բան վերահսկելը գրեթե անհնարին է. եթե մարդը զենքով մտել է դաշտ, նա կրակելու է: Կարեւոր չէ` ինչի վրա` ճնճղուկի, արծիվի, թե՞ արջի: Արտերկրում կան հատուկ որսատեղիներ, «Կարնիվոր» ռեստորանային ցանցը, որտեղ մատուցում են վայրի խոզ, եղջերու: Սակայն դրանք հատուկ բուծված կենդանիներե են, եւ նրանց բնությունից չեն վերցնում: Մեզ մոտ, որտեղ վայրի կենդանիներին մատների վրա է հնարավոր հաշվել, նման բան պարզապես անթույլատրելի է:
Ինչպե՞ս կմեկնաբանեիք վերջերս Խոսրովի անտառում տեղի ունեցած դեպքը:
Ի՞նչ կարելի է ասել...Սպանել են բեզոարյան այծի, հետո արջի, նապաստակի, խորոված են պատրաստել: Ինձ համոզիչ չեն թվում փաստարկները գործով անցնող կոնկրետ մարդու մեղավորության մասին: Բնապահպանության նախարարությունն իր մեկնաբանություններում նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել արգելոցի տարածքից դուրս: Թույլ մխիթարանք է: Արգելոցից հազար կմ այն կողմ չպետք է նման բան տեղի ունենար: Սպանեցին, խորոված արեցին, եւ ոչ ոք չնկատեց:
Բնության նկատմամբ սպառողական վերաբերմունքը կարելի է ձեւակերպել «Մենք խժռում ենք մեր երկիրը, մեր կենդանական աշխարհը» արտահայտությամբ:





























