Երեւանից եւ մարզերից ուսանողական յոթ թիմեր նոյեմբերի 20-21-ին կհավաքվեն Երեւանում Ջինիշյան հիմնադրամի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կազմակերպած եզրափակիչ բանավեճի համար։
Ուսանողները կբանավիճեն եւ կպաշտպանեն իրենց տեսակետները այնպիսի կարեւոր հասարակական խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, ընտանեկան բռնությունը եւ Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը:
Այս ծրագրով Գյումրիում, Կապանում, Վանաձորում, Իջեւանում, Գորիսում, Գավառում եւ Երեւանում ստեղծվել են ուսանողական բանավեճերի ակումբներ, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 40 ուսանող: Նախքան եզրափակիչ բանավեճը, ուսանողները մասնակցել են 21 միջհամալսարանային բանավեճերի:
«Գաղափարների եւ կարծիքների փոխանակումը ժողովրդավարության հիմքն է, եւ այս առումով շատ կարեւոր է երիտասարդների շրջանում բանավեճային մշակույթի խթանումը։ Թեմայի ուսումնասիրության, իրազեկված դառնալու եւ տեսակետների պաշտպանումը արժեքավոր փորձ է: Բանավիճելով դու ավելի խելացի, ճկուն եւ արձագանքող ես դառնում. այս հմտությունը կօգնի երիտասարդներին դառնալ ակտիվ եւ տեղեկացված քաղաքացի»,- նշեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մաքքոյը
Ջինիշյան հիմնադրամի քաղաքացիական հասարակության եւ կրթական ծրագրերի համակարգող Ռուբեն Կրիկյանը հավելեց.
«Արդեն մի քանի տարի է` մենք հաջողությամբ կազմակերպում ենք բարձր դասարանների աշակերտների բանավեճերի ակումբներ ամբողջ Հայաստանի տարածքով: Նմանատիպ նախաձեռնութան կազմակերպումը ուսանողների համար մարտահրավեր էր, որը սակայն ուսանողների համար դարձավ օգտակար վարժանք եւ օգնեց ամրապնդել նրանց հռետորական խոսքն ու հասարակական, տնտեսական եւ քաղաքական թեմաների վերաբերյալ իրենց հղկված տեսակետներն արտահայտելու հմտությունները»:
Որպես այս ծրագրի մի մաս ԵԱՀԿ գրասենյակը նաեւ աջակցել է ուսանողների մասնակցությամբ երեք հեռուստաբանավեճերի անցկացմանը: Բանավեճերի թեմաներն էին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, ընտրությունների ընթացքում կանանց մասնակցության քվոտաները եւ համացանցի ու լրատվության նոր միջոցների վերահսկման խնդիրները:
Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական ակտիվությունը եւ բանավեճերի ակումբների զարգացումը Հայաստանում, հայտնում են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից։





























