«2009 թվականին ՀՀ գիտական աստիճանի վկայագիր հանձնվել է 568 գիտնականի, այդ թվում 50-ը՝ գիտության դոկտորի: Գիտական կոչման դիպլոմ, այսինքն՝ դոցենտի եւ պրոֆեսորի, հանձնվել է 288 գիտնական մանկավարժի, այդ թվում 50-ը՝ պրոֆեսորի»- հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանը: Վերջինիս ներկայացրած տվյալներով, այս տարի գիտության դոկտորների վկայագրերի քանակը ավելացել է 4-ով, գիտության թեկնածուներինը նվազել է 2-ով, գիտական կոչման դիպլոմ ստացողների ընդհանուր թիվը ավելացել է 5-ով, սակայն պրոֆեսորներինը նույնն է մնացել: Իսկ 2007-ի համեմատությամբ գիտական կոչումներ ստացածների թիվը նվազել է 15,4 տոկոսով, պրոֆեսորներինը՝ նվազել է 29,6 տոկոսով:

Արմեն Թռչունյանը ասաց, որ գիտական աստիճանների վկայագրեր տրվել են աստիճանաշնորհման մասնագիտությունների՝ 21 բնագավառներում:

«Ավելացել է գյուղատնտեսական, փիլիսոփայական, իրավաբանական մանկավարժական , արվեստագիտության, քաղաքական եւ նվազել է կենսաբանական, բժշկական, տեխնիկական ու դեղագործական գիտությունների, ինչպես նաեւ ճարտարապետության բնագավառներում գիտական աստիճանի վկայագիր ստացողների թվաքանակը»,- նշեց պարոն Թռչունյանը՝ ավելացնելով, որ հանրապետության բուհերում հաստիքով աշխատող 8200-ից ավել դասախոսների 50 տոկոսից ավելին գիտական աստիճան չունի, իսկ պրոֆեսորի կոչում ունեցող դասախոսների թիվը տարեցտարի նվազում է: Թռչունյանը հավաստիացրեց, որ բուհերում դասախոսների ընդամենը 8,6 տոկոսը պրոֆեսորի կոչում ունի: