2012 պետական բյուջեով նախատեսված ձկան պաշարների համալրում ծրագրի շրջանակներում կատարվել է գեղարքունի եւ ամառային իշխանի մանրաձկների բացթողումը Սեւանա լիճ:

Այս տարի Սեւանա լիճ է բաց թողնվել 3 գրամ եւ ավելի կշռով 200 հազար հատ ամառային իշխան եւ 166 հազար հատ գեղարքունի մանրաձուկ, որոնք ձեռք են բերվել «Արեւաձուկ» կազմակերպությունից եւ Անգեղակոթի ձկնաբուծական գործարանից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 59.5 մլն դրամ:

Դրանից առաջ Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրել է արդեն ավանդական դարձած Սեւանա լճում ձկնորսության արգելանքի ռեժիմի սահմանման վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են բոլոր շահագրգիռ կողմերը՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզային ոստիկանության, լճին հարակից համայնքների ղեկավարները, հայտնում են Բնապահպանության նախարարությունից:

Քննարկվել են Սեւանա լիճը գոտեւորող անտառային բոլոր ճանապարհների փակման եւ հսկիչ կետերի տեղեկայման, լճից լողամիջոցների, որսագործիքների եւ ժամանակավոր կացարանների դուրսբերման, շուրջօրյա հերթապահության սահմանման մասին հարցեր:

«Այսօր նախատեսել ենք մանրաձկան բացթողում Սեւանա լիճ: Հարակից համայնքներում, ինչպես նաեւ բնակչության շրջանում պետք է իրականացնել բացատրական աշխատանքներ: Ձվադրման շրջանում արհեստական միջամտություն ենք անում՝ նպատակ ունենալով աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի հետագայում  հաջողությամբ կարողանանք արձանագրել բնական վերարտադրությանը: Դրա համար անհրաժեշտ է դադարեցնել բոլոր մուտքերն ու ելքերը դեպի լիճ: Բնապահպանության նախարարության, Ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ արդեն ունենք միջոցառումների ծրագիր եւ աշխատելու ենք այդ ծրագրով»,- նշել է նախարարը:

Գեղարքունիքի մարզում ձկնագողության դեպքերի նվազեցման ուղղությամբ կազմակերպվելու են խիստ միջոցառումներ:

Բնապահպանության նախարարի  հանձնարարականով, մոտակա երեք օրերի ընթացքում պետք է սահմանել  շուրջօրյա հսկողություն, քանի որ մանրաձկան բացթողումից, հետո այն մնում է նույն տեղում՝ մինչեւ ադապտացիոն շրջանի ավարտը: