Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է բիզնես-նախաճաշեր` պետական պաշտոնյաների, մասնավոր հատվածի ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նպատակն է` ոչ ֆորմալ միջավայրում քննարկել ոլորտին հուզող խնդիրները: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ փոխտնօրեն Վահան Հովսեփյանը:
«Հայաստանի տիպի երկրների համար այդպիսի նախաճաշերը շատ արդյունավետ են, քանի որ նամակագրությունը մեր մենթալիտետի շրջանակներում այնքան էլ տարածված չէ»,- ասաց Վ. Հովսեփյանը: Եղել է նույնիսկ, որ ՏՏ ոլորտի զարգացման հարցերը քննարկվել են խաշի սեղանի շուրջ: «Խաշը շատ կարեւոր միջոց է համագործակցությունը խթանելու»,- կատակեց Վ. Հովսեփյանը: Հատկանշական է, որ նման նախաճաշեր հազմակերպվում են ամսական մի քանի անգամ:
Ընդհանուր առմամբ, ըստ Վ. Հովսեփանի, Հայաստանը շատ ակտիվ է ՏՏ միջոցառումների հարցում: Միայն ԻՏՁՄ-ն ամսական մի քանի միջոցառում է կազմակերպում` ռոբոտների ու համակարգչային խաղերի մրցույթներ, Դիջիթեք, բիզնես ֆորումներ, առանց փողկապների հանդիպումներ, բիզնես ֆորումներ եւ այլն: Համեմատության համար` հարեւան Վրաստանում ողջ տարվա ընթացքում կազմակերպվում է միայն GITI-ն, չկան ոլորտը համակարգող հասարակական կազմակերպություններ: Վ. Հովսեփյանը նշեց նաեւ, որ Վրաստանի ՏՏ ոլորտի 80%-ը ձեւավորվում է պետական պատվերների շուրջ, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է` ՏՏ ոլորտի 90%-ն իրենից ներկայացնում է մասնավոր հատված: «ՏՏ ոլորտում մենք շատ հզոր մասնավոր հատված ունենք»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























