Մասիսում 49-ամյա Գոհար Ավալյանի գլխին կացնով հարվածած 55-ամյա Վլադիմիր Բախշյանը հոգեկան խնդիրեր ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին նրանց հարեւանները:
Իսկ Էրեբունի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գոհար Ավալյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նայարդավիրաբուժական բաժանմունք, որտեղ կոնսերվատիվ բուժում է ստանում: Բժիշկները Գոհար Ավալյանի վիճակը կայուն են գնահատում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 24-ին, ժամը 15:50-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «ՍԻՍ» ընկերության շենքում մի քաղաքացի հարվածել է մի քաղաքացուհու գլխին: Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին ոստիկանությունից: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 15:40-ի սահմաններում, նշված վարչական շենքի մոտ Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 55-ամյա Վլադիմիր Բախշյանը դեռեւս չպարզված հանգամանքներում, կացնով հարվածել էր իր հարեւան, Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 49-ամյա Գոհար Ավալյանի գլխին:
Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները Վ. Բախշյանին բերման էին ենթարկել, հայտնաբերվել է նաեւ կացինը: Իսկ Գ. Ավալյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ անձին կացնահարելու փաստով:




























