Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի եւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական եւ ֆինանսական աջակցության ծրագրեր:

Նախարարի զեկուցմամբ՝ 2012 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների արդյունքներով ՀՀ արդյունաբերական կազմակերպությունները թողարկել են 895 մլրդ դրամի արտադրանք, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10 տոկոսով: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում Հայաստանն առաջին անգամ արդյունաբերական արտադրանքի ծավալով կհատի մեկ տրիլիոն դրամի մակարդակը: Վերը նշված ժամանակահատվածում արձանագրվել է այս բնագավառի արտահանման ծավալերի 13 տոկոսի աճ՝ կազմելով 305 մլրդ դրամ: 

Արդյունաբերական ռազմավարության շրջանակում կառավարության կողմից նախատեսված գործիքները, որոնցով աջակցություն է ցուցաբերվել մասնավոր հատվածին, շարունակաբար իրականացվել են: Մասնավորապես, 300 մլն դրամ ավելացված արժեքի հարկի հետաձգման ռեժիմի տրամադրման ուղղությամբ 2012 թ. հունվար ամսից առ այսօր հավանության է արժանացել 8 ներդրումային ծրագիր` 17,5 մլրդ դրամի ծավալով, եւ այս ներդրումների արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 350 նոր աշխատատեղ: Այս ընթացքում տեղի է ունեցել մի քանի նոր ձեռնարկությունների գործարկում, մինչեւ տարեվերջ արդյունաբերության ոլորտում կգործարկվեն եւս 4-5 ձեռնարկություններ: Ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառվող «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգման ծրագրով հավանության է արժանացել 5 ծրագիր` ընդհանուր առմամբ 1.3 մլրդ ՀՀ դրամի շրջանակում: 

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում, որտեղ եւս մեծ մասնաբաժին են կազմում արդյունաբերական ձեռնարկությունները, տրամադրվել է 2,4 մլրդ դրամի վարկ: «Սա աննախադեպ ծավալ է, ինչը մի քանի անգամ գերազանցում է  նախորդ տարիների ցուցանիշները: Ընդհանուր առմամբ, վարկավորվել է 29 ձեռնարկություն եւ երեք անհատ ձեռներեց: Այս ոլորտում բավականին լուրջ աշխուժություն է նկատվում եւ մենք ունենք վարկերի ստացման մեծ ծավալի նոր հայտեր»,- նշել է Տիգրան Դավթյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ  ձեւավորելու է արդյունաբերության զարգացման հիմնադրամ, որը կլրացնի այն կառույցների եւ գործիքների շարքը, որոնք առկա են այս ոլորտի զարգացման համար:  Հիմնադրամի խորհրդի աշխատանքներին, բացի պետական հատվածից, կներգրավվեն նաեւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները: 2013 թվականի պետբյուջեով նախատեսվում է հիմնադրամին հատկացնել 300 մլն դրամ: Ակնկալվում է, որ այստեղ կներգրավվեն նաեւ մասնավոր միջոցներ:

Նիստում անդրադարձ է կատարվել դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների, կոնյակագործության ոլորտային ռազմավարությունների իրականացումն ապահովող գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքին: Ներկայացվել է ոսկեգործության, ժամագործության եւ ադամանդագործության ոլորտային ռազմավարությունների եւ վերջիններիս իրականացումն ապահովող 2012-2015թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:

Քննարկվել եւ հաստատվել են նաեւ Ճշգրիտ ճարտարագիտության 2012-2015թթ. գործողությունների եւ գինեգործության ոլորտի 2012-2020թթ. ռազմավարության եւ 2012-2015թթ. գործողությունների ծրագրերը:

Այնուհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս էկոնոմիկայի եւ Գյուղատնտեսության նախարարությունների եւ գինեգործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի գինեգործների միության, արտադրող ընկերությունների, գիտակրթական, կրթական եւ հետազոտական հաստատությունների ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: ՀՀ կառավարության անունից հուշագիրը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ճարտարագիտության ոլորտի՝ արտադրող ընկերությունների, գիտակրթական եւ կրթական, հետազոտական հաստատությունների, ձեռնարկությունների միությունների միջեւ:

Հուշագրերի նպատակն է՝ նպաստել վերը նշված ոլորտների երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման եւ միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ցանկանալով ընդլայնել պետական եւ մասնավոր հատվածների միջեւ համագործակցությունը գինեգործության եւ ճարտարագիտության զարգացման ռազմավարությունների ներքո:

Կողմերը համատեղ միջոցառումներում հնարավորինս պետք է կիրառեն պետության եւ մասնավոր հատվածի կողմից համաֆինանսավորման սկզբունքը, համակարգեն նախաձեռնությունները՝ միջոցների նպատակային օգտագործումը եւ արդյունավետությունն ապահովելու համար:

Պետություն-մասնավոր համագործակցությամբ ակնկալվում է միջազգային շուկաներում մրցունակ գինիների արտադրության համար խաղողի այգետարածքների ընդլայնում, արտադրության եւ արտահանման ծավալների կայուն աճի ապահովում, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի եւ միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում եւ նոր աշխատատեղերի ստեղծում, գյուղի եւ գյուղատնտեսության կայուն զարգացման ապահովում, խաղողի բերքի գնման պայմանագրային հարաբերությունների ընդլայնում, ժամանակակից ագրոտեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրում, բարձրորակ կադրային ներուժի ապահովում:

Ճշգրիտ ճարտարագիտության բնագավառում նախատեսվում է արտադրության եւ արտահանման ծավալների կայուն աճ, նորարարական սկսնակ ընկերությունների թվաքանակի աճ, հայկական արտադրանքի որակի եւ միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում եւ նոր աշխատատեղերի ստեղծում, պետական պատվերների տեղական արտադրողների կողմից իրականացման ծավալների ընդլայնում եւ այլն: