Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երեւանի ավագանին հավանություն է տվել Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին: «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հավատարմագրային կառավարման գործարքի իրականացման դեպքում պարտավորվում է պայմանագրային ամրագրմամբ՝ բժշկական կենտրոնի հիմնական վերանորոգման եւ վերակառուցման աշխատանքների իրականացման, այն ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցնելու եւ բուժ. անձնակազմի վերապատրաստման նպատակով՝ 10 տարվա ընթացքում կատարել շուրջ 2 400 000 000 (երկու միլիարդ չորս հարյուր միլիոն) դրամի ներդրումներ:
Հաշվի առնելով Երեւանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ կիրառելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով արմագրված տարբեր տուրքերի համար գոտիավորման սկզբունքը` Երեւանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երեւան քաղաքի վարչական տարածքի 2013թ. տեղական հարկերի եւ տուրքերի դրույքաչափերը:
Երեւանի ավագանին հավանությունէ տվել նաեւ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամբյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:




























