Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ 3-4 տարով ավելի երկար են ապրում, եթե կարողանում են պլանավորել իրենց ապահով ծերությունը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին Կենսաթոշակային տարեկան երկրորդ համաժողովում ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Իսկ այդպիսի հնարավորություն ՀՀ քաղաքացիներին կընձեռի կուտակաին կենսաթոշակային համակարգը, որը Հայաստանում ներդրվելու է 2014 թ. հունվարի 1-ից: Ըստ այդմ՝ քաղաքացիները կբացեն անհատական կենսաթոշակային հաշիվներ, որոնցում կուտակված միջոցները կօգտագործեն կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: Բացի այդ՝ պետությունը կկրկնապատկի այդ հաշիվներում կուտակված միջոցները:
Հետեւաբար, կենսաթոշակառուն, ըստ Տ. Սարգսյանի, երաշխիք է ստանում, որ կենսաթոշակային տարիքում չի հայտնվի աղքատության շեմից ցածր եկամուտ ունեցողների շարքում:
2014 թ. հունվարի 1-ից երիտասարդները պետք է կատարեն ընտրություն կենսաթոշակային հիմնադրամների միջեւ, սակայն դա պահանջում է որոշակի ունակություններ: Տ. Սարգսյանը նշեց, որ երիտասարդները պետք է հասկանան, թե ի՞նչ տարբերություններ կան կենսաթոշակային հիմնադրամների միջեւ, ինչպես է՞ կառավարվելու հաշիվը, ինչպիսի՞ ռիսկեր կան, արդյո՞ք կան փոխարժեքային ռիսկեր, արդյո՞ք իմաստ ունի փոխել կառավարչին, ինչպե՞ս է լուծվում ժառանգության խնդիրը: «Այդ հարցերի պատասխանը ցանկացած երիտասարդ պետք է ունենա, եթե խելամիտ կառավարի` վստահ կլինի որ բավարար ֆինանսական միջոցներ ունի իր ծերության ժամանակ»,- նշեց Տ. Սարգսյանը:




























