Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու գործընթացին միացել են նաեւ սոցիալական կայքերի ակտիվ մասնակիցները:

Այսպիսով, Facebook սոցիալական ցանցի «Armenia» էջը  ներկայացել է մի նախաձեռնությամբ, որն ուղղված է օգնել այն սիրիահայերին, ովքեր, վերադառնալով Հայաստան, աշխատանք գտնելու հարցում հանդիպել են դժվարությունների: Էջը առաջարկում է բոլոր սիրիահայերին ներկայացնել իրենց ռեզյումեները, կամ առաջարկած ծառայությունները էջի ադմինիստրատորներին։

Ինչպես NEWS.am -ին հայտնեց «Armenia» էջի ադմինիստրատոր Աննա Աստվածատրյանը, իրենց արդեն դիմել է 2 սիրիահայ, որոնց հայտարարությունները ներկայացվել են էջում եւ ստացել արձագանքներ: «Շատ ուրախ ենք, որ մեր հայտարարությանը արձագանքեցին նաեւ Հայաստանում բնակվող հայերը, որոնք առաջարկեցին անվճար տրամադրել իրենց մասնագիտական ծառայությունները այն Սիրիայից վերադարձած հայերին, ովքեր ուզում են Հայաստանում ձեռնարկություններ հիմնել: Այդ փաստը խոսում է իրական հայրենասիրության եւ մարդկային բարձր արժեքների մասին», - ասաց Ա. Աստվածատրյանը։