Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» ետնամասում, որտեղ նախկինում կար մսի պասաժ, թույլատրված է որոշակի փոփոխություններ: Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունը քննարկել է նախագիծը եւ դրան համապատասխան՝ տրամադրել ճարտարապետական առաջադրանք. «Նախատեսվում է ներքին տարածքի լիարժեք վերականգնում՝ թագերը եւ կամարները ներսում, գլխավոր ճակատի եւ երկկողմանի ճակատների ամբողջական պահպանում, ետնամասում, որտեղ կային մսի պասաժներ, թույլատրված է  որոշակի փոփոխություններ, նախագիծը կբերվի քաղաքապետարան եւ օրեր անց դա կհամաձայնեցվի»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

Ճարտարապետը վստահեցրեց, որ «Փակ շուկայի» առաջին հարկը կլինի զրոյական հարթության մեջ, կառուցապատողը ունի թույլտվություն երկու կողմից արտաքին պատերը ամրացնելու, ուժեղացնելու եւ բարձրացնելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող, Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկան» վաճառվել է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել ամենամեծ Yerevan City-ն։ Այս տարվա հունվարի 4-ից Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» սկսվել են վերանորոգման աշխատանքները: Դեռեւս այս տարվա հունվարին, Երեւանի քաղաքապետարանի հանձնարարությամբ, Մաշտոցի պողոտայի «Փակ-շուկա»-ի ներսում ընթացող վերանորոգման աշխատանքները դադարեցվել էին: Մշակույթի նախարարության մասնագետները եղել էին այդտեղ եւ զեկուցել, որ ստորգետնյա աշխատանքների հետ կապված որեւէ խնդիր չկա, իսկ վերգետնյայի մասին այս պահի դրությամբ առայժմ խոսք չկա, քանի որ դեռեւս չկա որեւէ նախագիծ: «Այս պահին նախարարությանը դիմել են միայն ստորգետնյա հատվածում ավտոկայանատեղի կառուցելու համար: Դեռեւս որեւէ այլ ծրագիր չկա, իսկ երբ լինեն վերակառուցման ծրագրեր, ապա ընթացակարգով, օրենքով համապատասխան աշխատանքներ կիրականացվեն»,- նշել էր նախարար Հասմիկ Պողոսյանը: Սակայն արդեն այս հանգստյան օրերին շուկան նորից սկսել են քանդել:

Նշենք, որ Փակ շուկան Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի ու ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։ Այն անցած դարի 50-ականներին ճանաչվել էր Հայաստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը: