Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւանում մեկնարկել է «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային երկօրյա ֆորումը: Ֆորումի կազմակերպիչներն են ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) եւ Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան:  

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Ֆորումին ուղղված ողջույնի խոսքն ընթերցել է ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքը ներկայացրել է ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Ֆորումի մասնակիցներին ուղերձ հղեց նաեւ ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Բացման խոսքով հանդես եկավ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Ֆորումի առաջին նիստում տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը: Ֆորումի առաջին օրը քննարկվել են տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից իրականացվող քաղաքականությանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներին, Հարավային Կովկասում Իսրայելի քաղաքականությանը եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող աշխարհաքաղական զարգացումների` Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցությանն առնչվող հարցեր:

Ֆորումին մասնակցում են Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով ավագ վերլուծաբան Ուեյն Մերին, Հարվարդի համալսարանի Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության ծրագրի տնօրեն, դոկտոր Սերգեյ Կոնոպլյովը, ՌԴ ԱԳՆ Վետերանների խորհրդի նախագահ, Արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, Մոսկվայի Քարնեգի կենտրոնի վերլուծաբան, դոկտոր Անդրեյ Ռյաբովը, Օքսֆորդի համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսոր, դոկտոր Նեյլ Մըքֆարլեյնը, բրիտանական հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի` «Չաթհամ Հաուսի» Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի ղեկավար եւ վերլուծաբան Ջեյմս Նիքսին, Թուրքիայի Քադըր Հաս համալսարանի ռեկտոր, դոկտոր Մուստաֆա Այդինը, Հայաստանում եւ Վրաստանում Իսրայելի նախկին դեսպան, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր Բարուխ Բեն Ներիան, Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն (Երեւան), Հարվարդի համալսարանի Դեվիսի անվան ռուսական եւ եվրասիական հետազոտությունների կենտրոնի հրավիրյալ գիտնական, դոկտոր Գայանե Նովիկովան, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության փորձագետներ Հայաստանից: