Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը եւ պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարածած հայտարարության մեջ:

«Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:

Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել  Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։  Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը  բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:

Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում եւ առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված  պաշտոնատար անձանց»,- նշված է

Պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: