Նոյեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե, ողջունելով նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերությունները: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Թուրքմենստանի նախագահի այցը Հայաստան նոր խթան պիտի հանդիսանա հարաբերությունների առավել սերտացման եւ զարգացման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց պրն. Գ. Բերդիմուհամեդովին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար եւ ջերմ վերաբերմունքի համար, որի արդյունքում հայ ժողովրդի զավակները կարողանում են կազմակերպել նաեւ իրենց հոգեւոր ու մշակութային կյանքը: Այս առիթով Նորին Սրբությունը դիմեց Թուրքմենստանի նախագահին` հնարավորություն ընձեռել վերականգնելու խորհրդային տարիներին ավերված Թուրքմենբաշիի հայկական եկեղեցին, ինչը կնպաստի Հայ Եկեղեցու լիարժեք գործունեությանը Թուրքմենստանի հայ համայնքի կյանքում եւ նոր մակարդակի կբարձրացնի երկու երկրների միջկրոնական երկխոսությունը:

Իր խոսքում Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն հայտնեց Հայաստան երկօրյա այցի ընթացքում արձանագրված արդյունքների առիթով: Անդրադառնալով Թուրքմենստանի հոգեւոր կյանքին` նախագահը կարեւորեց կրոնի դերը հասարակության կյանքում եւ մասնավորապես երիտասարդության դաստիարակության գործում: Ի պատասխան Ամենայն Հայոց Հայրապետի դիմումի` նախագահը հանձնարարական տվեց հանդիպմանը ներկա Թուրքմենստանի կառավարության ներկայացուցիչներին քննարկելու հարցը եւ դրական լուծում տալու Հայ Եկեղեցու խնդրին: Թուրքմենստանի նախագահը նաեւ հրավեր ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին այցելելու Թուրքմենստան:

Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արդյունավոր նախագահություն մաղթեց պրն. Բերդիմուհամեդովին` ի փառս Թուրքմենստանի եւ նրա ժողովրդի:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: