Հայաստանում 2013թ. հոկտեմբերի 7-11-ին տեղի կունենա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ, International Astronomical Union) «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով գիտաժողովը` նվիրված հայ մեծ աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին: Ինչպես News.am-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, դեկտեմբերի 1-ին արդեն տարածվել է գիտաժողովի առաջին ազդագիրը, և մասնակիցները կարող են գրանցվել և ներկայացնել իրենց աշխատանքերը` գիտաժողովի կազմկոմիտեի կողմից քննարկվելու և ընդունվելու համար: Սպասվում է շուրջ 200 մասնակից աշխարհի տարբեր երկրներից: Գիտական կազմկոմիտեում ընդգրկված են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իռլանդիայի, Ավստրալիայի, Արգենտինայի և Հայաստանի 18 աստղագետներ: Հրավիրված զեկուցողներից 38-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը:
ՄԱՄ գիտաժողովներն աստղագիտական աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներն են, որոնցում քննարկվում են կարևորագույն աստղագիտական խնդիրները և որոնց որպես կանոն մասնակցում են ոլորտի լավագույն մասնագետները: Մասնավորապես, Հայաստանում կայանալիք թիվ 304 գիտաժողովին քննարկվելու են ակտիվ գալակտիկական միջուկների (ԱԳՄ) բազմալիքային (գամմա, ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր և ռադիո) շրջահայությունները` կատարված ցամաքային և տիեզերական դիտակներով, ԱԳՄ կառուցվածքը և տեսական մոդելները, առանձին ԱԳՄ և դրանց փոփոխականության հարցերը, ակտիվության երևույթը, ԱԳՄ պարունակող գալակտիկաների, դրանց շրջապատի, գալակտիկաների համակարգերում (բազմակի գալակտիկաներ, խմբեր և կույտեր) դիտվող ԱԳՄ-ների փոխազդեցությունները և ապագայի ծավալուն նախագծերը:



























