Թուրքիայում դատարանները շարունակում են զարմացնել իրենց որոշումներով։ Այս անգամ խնդիրը պոլսահայ հայտնի հրապարակախոս, «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի՝ Հրանտ Դինքի զազրելի սպանությունից հետո պաշտոնից հեռացված ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության պետին կրկին պաշտոնի վերադարձնելու դատարանի պահանջն է։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Անկարայի 14-րդ վարչական դատարանը որոշում է կայացրել, որ Հրանտ Դինքի սպանությունը չկանխարգելելու եւ պարտականությունները թերի կատարելու պատճառաբանությամբ աշխատանքից հեռացված ոստիկանության գլխավոր վարչության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը պետք է վերականգնվի իր հին աշխատանքին։
Դատարանի որոշումից հետո 30 օրվա ընթացքում Աքյուրեքը պետք է վերականգնվի իր նախկին պաշտոնում։
Սակայն Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։




























