Հունվարի 28-ին, ժամը 17.40-ին Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրում ձնաբքի հետեւանքով ձյան տակ ավտոմեքենաներ են մնացել: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարների ուժերով ձյան տակից դուրս է բերվել 3 մարդատար ավտոմեքենա:
Ժամը 23.30-ի դրությամբ ճանապարհը մաքրվել է ձնից, սակայն, ցածր տեսանելիության պատճառով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից երթեւեկությունն արգելվել է: Խցանման մեջ գտնվող երկու տասնյակ ավտոմեքենաների վարորդներ ու ուղեւորներ տեղափոխվել են Գորիս քաղաքի հյուրանոցներ:
Բացի այդ, հունվարի 27-ին, ժամը 13.45-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Հ. Հովսեփյան փողոցի 8-րդ շենքին հարակից հորը մարդ է ընկել, եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով հորից դուրս է բերվել 1939 թ. ծնված Գրիգոր Յուլուզյանը եւ հանձնվել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























