Երկու տարվա ընթացքում հազարավոր փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում Հրանտ Դինքի հիմնադրամը մոնումենտալ գործ է հրատարակել ժամանակին Ստամբուլի հայկական բարեգործական հիմնադրամներին  պատկանող գույքի պատմության եւ ներկա կարգավիճակի մասին: Այդ գույքը թուրքական կառավարության կողմից բռնագրավվել էր վերջին տասնամյակների ընթացքում, տեղեկացնում է  «The Armenian Weekly»-ը:

Հետազոտությունը, որը կազմված է  մոտավորապես 400 էջից, առաջին անգամ ներկայացնում է  առգրավված գույքի ցուցակն ու թալանի ծավալները, որին ենթարկվել են  Ստամբուլի հայկական դպրոցները, մանկատները, եկեղեցիներն ու հիվանդանոցները:

«2012 թ-ի հռչակագիր» անվանումով աշխատանքն ակնարկում է  թուրքական պետության 1936 թ. հռչակագիրը,  որի համաձայն բարեգործական բոլոր հիմնադրամները պետք է գրանցեին իրենց ակտիվներն ու գույքը:  1975 թ. կիպրոսյան ճգնաժամի թունդ պահին պետությունը կամայականորեն օրենք էր ընդունել այն մասին, որ ցանկացած գույք, որը փոքրամասնությունների բարեգործական հիմնադրամների միջոցով ձեռք է բերվել 1936թ-ից հետո` հանգանակության, ժառանգության, նվիրատվությունների եւ այլնի միջոցով, ապօրինի է ճանաչվում, քանի որ այն չի մատնանշվել 1936թ. հռչակագրի մեջ:  «2012 թ-ի հռչակագիրը» հղում է  կատարում այդ ոչ տրամբանական օրենքին  եւ մերկացնում է  լեգալացված, բայց իրականում ապօրինի զավթումը կամ պետական կողոպուտը, ինչպես նաեւ ներկայացնում է  այդ աղաղակող անարդարությունը չեղյալ համարելու նպատակով վերջին փոքր  քայլերը:

Գիրքը միայն գույքի ցուցակ կամ վիճակագրական տվյալներ ու դատական հայտարարություններ պարունակող պատմական փաստաթուղթ չէ: Այն ավելի շուտ մարդկային տառապանքի պատմություն է` սկսած դպրոցներից վտարված երեխաներից  մինչեւ տներից զրկված որբեր: Ամենաողբերգական պատմությունը կապված է թուրքական պետության կողմից որբ երեխաների, այդ թվում` Հրանտ Դինքի, կողմից բառացիորեն կառուցված ամառային ճամբարի համալիրի զավթման հետ:

Հետազոտող խմբի` տարբեր պետական հաստատություններից փաստաթղթեր ստանալու փորձերը  հիմնականում անհաջողությամբ են ավարտվել, չնայած Տեղեկատվության ազատության մասին օրենքին: Նրանց ասվել է, որ 1915–1925թթ. գործերն ու հայերի սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթերը դեռեւս հանրության համար բաց չեն` այսպես կոչված «պետական անվտանգության սպառնալիքների» հետ կապված պաշտոնական խելացնորության պատճառով: