ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող 19-ամյա Տ. Ս-ն դիտավորությամբ բռնի կերպով շուրջ 30 րոպե տեւողությամբ փակել է բուժկետի դուռը եւ ապօրինի ազատությունից զրկել է բուժկետի բուժքույր Ա. Մ-ին: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Տ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածով սահմանված անձի անձնական ազատության եւ անձեռնամխելիության իրավունքը: Նա մտել է ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ, որտեղ ներսից բանալիով փակելով սենյակի դուռը , ուղղակի դիտավորությամբ բռնի կերպով շուրջ 30 րոպե տեւողությամբ ապօրինի ազատությունից զրկել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային, բուժկետի բուժքույր Ա. Մ-ին` արգելափակելով զորամասի բուժկետում:
Քրեական գործ է հարուցվել 133 հոդվածի 1-ին մասով` մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առեւանգելու հետ կապված չէ` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 4-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:



























