ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թերահավատորեն է մոտենում ԲՀԿ տարածածած հաղորդագրությանը, թե Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նախօրեին Բրյուսելյան հանդիպման ժամանակ  նշել է, որ «առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով»: Այդ մասին գրում է Aravot.am կայքը։
««Եվրոպայի իրենց այցելությունը եղել է զուտ ճանաչողական,  պրոտոկոլային: Եվ Եվրոպայի որեւէ քաղաքական ուժ, հավատացեք, երբեք որեւէ թեկնածուի չի ասի՝ ես քեզ կողմ եմ կամ դեմ եմ: Սա ներկայացնելու հանդիպումներ են եղել, որովհետեւ  թերթերում տեսա լուրեր, որոնք իրականությանը չէին համապատասխանում: Ես էլ իրենցից պետք է ճշտեմ ձեր հարցերի պատասխանները: Եվրոպայի սկեպտիկների խմբի հետ հանդիպման մասին էլ էի մեր մամուլում կարդացել, բայց այդ խմբի հետ մեկ շաբաթ առաջ հանդիպել եմ, գիտեմ իրենց դիրքորոշումը, որ իրենք այնպիսի հարցեր, որոնք գրված են մեր  մամուլում,  ԲՀԿ-ի հետ չէին  քննարկել: Մասնավորապես ԲՀԿ-ի  առաջ պայման դնել, որ «Единая Россия»  -ի, Չինաստանի, Բելառուսի հետ կապված հայտարարություն անեն, նման բաներ չի եղել, բայց մեր մամուլում գրվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մանուկյանը:
«Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այս հայտարարությանն անդրադառնալով, պարոն Մանուկյանը հավելեց. «Եթե այդ մարդիկ մտել են քաղաքական դաշտ, միգուցե իսկապես  գնան զոհաբերությունների, ինչի մասին իրենք ասում  են: Մարդիկ հրաժարվել  են շատ բաներից՝ մարզպետերի, նախարարների պաշտոններից: Հստակ քաղաքական դիրքորոշումներ  են հանդես բերում, այս դեպքում զգում ես,որ  ինչ-որ բան փոխվել է»»,- մեջբերում է Aravot.am-ը: