Երեկ Aravot.am-ը Աշոտ Գիզիրյանին հարցրել է` որքանո՞վ են իրականությանը համապատասխանում պտտվող այն լուրերը, թե Շիրակի գեներալ մարզպետը նախագահական ընտրություններից անմիջապես հետո պատրաստվում է թողնել իր պաշտոնը` իհարկե ընտրությունները տեղը տեղին կազմակերպելուց հետո, գրում է «Առավոտ» թերթը։
««Ի՞նչ է նշանակում թողնելու եմ, ինձ հանելո՞ւ են, տեղափոխելո՞ւ են, թե՞ ես դուրս եմ գալու»,- իր հերթին պարզաբանում պահանջեց պարոն Գիզիրյանը: Մենք նրան հիշեցրեցինք, որ դեռեւս երկու տարի առաջ, երբ ինքը նշանակվեց մարզպետ Շիրակում, խոսում էին այն մասին, որ Աշոտ Գիզիրյանը եկել է նախագահական ընտրությունները կազմակերպելու համար:
«Ի սկզբանե ասում էին, որ ես եկել եմ այստեղ Ազգային ժողովի ընտրությունները կազմակերպելու, Աժ ընտրություններն անցան, հիմա նախագահինն են ասում, չգիտեմ ինչու: Ի սկզբանե ես եկել եմ Շիրակի մարզում աշխատելու, եւ շնորհակալ եմ հանրապետության նախագահից, որ ինձ նշանակել է Շիրակի մարզում` որպես Շիրակի մարզպետ, ինչո՞ւ, ասեմ: Ես որպես Գիզիրյան Աշոտ, անցած իմ աշխատանքային գործունեությունը, կարիերիան սկսել եմ Շիրակի մարզից, շնորհակալ եմ շիրակցիներին, եւ ընդհանրապես այդ տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար, բայց, որպես Գիզիրյան, Շիրակի մարզում ես ճանաչված էի որպես ոստիկանության աշխատող, ուժային կառույցի ներկայացուցիչ: Այս 2 տարվա ընթացքում, շուտով կլինի 3 տարի, կարծում եմ, ես կարողացել եմ ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխել. մթնոլորտ, բարոյահոգեբանական մթնոլորտ եւ հարաբերություն, փոխհարաբերություն`իշխանություն-ժողովուրդ, ընդհուպ իշխանություն-լրատվություն:Ես դրա համար հանրապետության նախագահին շնորհակալություն պետք է հայտնեմ. ես ճանաչվել եմ ոչ միայն Գիզիրյան, որին ճանաչել են որպես ուժային կառույց, այլ որպես Գիզիրյան` ձեզանից մեկը: Իսկ ի՞նչ կլինի ընտրություններից հետո, ինձ կտանեն, թե չեն տանի, ես երբեւիցե այդ մասին չեմ մտածել, ինձ թվում է, եթե դուք նայեք իմ կենսագրությունը, կտեսնեք, որ ես այդքան էլ աթոռից կառչած չեմ», -ասաց գեներալ մարզպետը»,- գրում է «Առավոտը»։




























