«Սարդարապատ» շարժման անդամ, «Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուգասզյանը մանրամասներ է հայտնել դեկտեմբերի 11-ին Վարդան Օսկանյանի գործով իրեն ԱԱԾ հրավիրելու (որպես վկա) մասին:
Ստորեն ներկայացնում ենք Չուգասզյանի տարածած հաղորդագրությունը:
«Թեեւ հրավիրել էին «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործով, սակայն հարցեր էին տալիս 2002 թ. Արտաքին գործերի նախարարության եւ իմ գլխավորած «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» կազմակերպության միջեւ առնչությունների վերաբերյալ՝ կապված Տեղեկատվական հասարակությանը նվիրված գիտագործնական միջոցառումների հետ: Որքան էլ զարմանալի թվա, սակայն ինձ տեղեկացրին, որ սա «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությանը վերաբերող քրեական գործի դրվագ է համարվում:
Հարցերը մասնավորապես վերաբերում էին 2002 թ. ՀՀ Արտաքին գործերի նախարարության կազմակերպած «էլեկտրոնային Կովկաս» կոնֆերանսին իմ առնչությանը: Հարցնում էին, թե արդյոք հիշում եմ այն իսկապես անցկացվել է, թե՝ ոչ, մասնակցել եմ այդ կոնֆերանսին եւ նրա կազմակերպական աշխատանքներին, թե՝ ոչ, գիտեմ արդյոք որքան գումար է հատկացված եղել դրա կազմակերպման համար եւ ինչպես, ովքեր են եղել ֆինանսավորողները, ովքեր են մասնակցել, ովքեր են եղել կազմակերպիչները:
Ես պատասխանեցի, որ թեեւ այդ շրջանից անցել է շուրջ տասը տարի, սակայն ես հստակ հիշում եմ, որ նման կոնֆերանս անցկացվել է Եվրոպական միության հովանավորությամբ, թեեւ ինքս չեմ մասնակցել կոնֆերանսին եւ առավել եւս նրա կազմակերպական աշխատանքներին: Ասացի, որ չգիտեմ նաեւ ֆինանսավորման գումարը: Ասացի նաեւ, որ այդ կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ հյուրեր, որոնց թվում` Ռուսաստանի հեռահաղորդակցության այդ ժամանակվա նախարարը: Հիշեցի նաեւ ԱԳՆ-ում հրավիրված այն կազմակերպչական հանդիպումը, որին հրավիրված են եղել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Հատուկ հարց տրվեց, թե ես ինչու եմ հրաժարվել մասնակցել կազմակերպական աշխատանքներին: Պատասխանեցի, որ պատճառն իմ այդ ժամանակվա խիստ զբաղվածությունն է եղել: Նշեցի, որ ինքս այդ կոնֆերանսին նախորդող ժամանակաշրջանում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի էլեկտրոնային զարգացմանը նվիրված շուրջ քսան օտարերկրյա հյուրեր ներառող միջազգային սեմինարի կազմակերպմամբ էի զբաղված, որի պաշտոնական ֆինանսավորողների թվում կար նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մանրամասն հարցեր տրվեցին այդ ֆինանսավորման չափի ու բնույթի վերաբերյալ:
Ինձ հիշեցրեցին, որ ես Վարդան Օսկանյանից ստացել եմ շուրջ երկու հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար, եւ հարցրեցին, թե ինչպես է օգտագործվել այդ գումարը: Ես պատասխանեցի, որ մեր կազմակերպությունը այդ ֆինանսական միջոցները ստացել է ոչ թե Վարդան Օսկյանյան անձից, այլ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պաշտոնապես՝ ի դեմս նախարար Վարդան Օսկանյանի եւ սեմինարի ավարտից անմիջապես հետո ՀՀ արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումներին ներկայացրել է այդ գումարի օգտագործման վերաբերյալ մանրամասն բովանդակային եւ ֆինանսական հաշվետվություն:
Հատկանշական է, որ տվյալ հարցաքննությունը կատարվեց «Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծումից օրեր անց: Ինչպես հայտնի է, վերջինս ունի հստակ արտահայտված քաղաքական ուղղվածություն, այն է մեկնարկել ազգային խնդիրների առաջադրմանը եւ իրականացմանը ունակ կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման գործընթացը: Տպավորությունն այնպիսին է, որ իմ` որպես «Նախախորհրդարանի» համակարգողի, մասնագիտական եւ գործարար անցյալի վրա ստվեր գցելու անհաջող ձեռնարկումով, անուղղակի ձեւով փորձ է արվում քաղաքական ճնշում ստեղծել «Նախախորհրդարանի» աշխատանքի վրա: Հարկ եմ համարում նշել, որ իրականում սա միայն բարձրացնելու է «Նախախորհրդարանի» հեղինակությունը եւ ավելացնելու է հետաքրքրությունը նրա աշխատանքների նկատմամբ, ինչպես նաեւ հերթական անգամ բացահայտելու է Հայաստանի կառավարման ներկայիս համակարգի ողջ սնանկությունը»:




























