NEWS.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը.
Որպես ՀԱԿ անդամ Պահպանողական կուսակցության ղեկավար` Ձեզ համար սպասելի՞ էր ԲՀԿ-ի որոշումը` նախագահական ընտրություններին սեփական թեկնածու չառաջադրելու եւ ոչ մեկին չսատարելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում ԲՀԿ-ի այս քայլը:
Երբեւէ բացարձակապես չենք հետաքրքրվել Ձեր նշած կառույցով, այդ թվում՝ նրա՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու զավեշտալի խնդրով, ուստի գնահատելու անհրաժեշտություն չկա: Մենք կարող ենք գնահատել միայն քաղաքական գործընթացները, քաղաքական կառույցները եւ քաղաքական գործիչներին:
Կարծիք կա, որ այդ որոշմամբ ԲՀԿ-ն ծանր վիճակի մեջ դրեց ՀԱԿ-ին, քանի որ մինչ այդ ակնկալվում էր, որ ընտրություններին հանդես կգան միասնական թեկնածուով, իսկ այժմ ՀԱԿ-ը չգիտի` ինչ անել:
Դա ՀԱԿ-ի վերնախավի խնդիրն է. ՀԱԿ-ի հիմնադիր միավորներից լինելով հանդերձ՝ Պահպանողական կուսակցությունը շատ վաղուց իրեն դիտորդի կարգավիճակ է վերապահած եղել՝ պատճառների մի մասի մասին հրապարակավ արտահայտվելով: Մենք՝ պահպանողականներս, մեր անելիքը լավ գիտենք:
Նախորդ անգամ ասել էիք, թե ՀԱԿ-ի մասնակցությունը ընտրություններին պատկերացնում եք Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ: Եթե նա չառաջադրվի, ապա ուրիշ էլ ի՞նչ հավանական թեկնածուներ եք տեսնում: Օրինակ` շրջանառվում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի թեկնածությունը: Ինչպե՞ս եք վերաբերում դրան: ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանն էլ առաջարկում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ձեզ համար դա ընդունելի՞ տարբերակ է, թե՝ ոչ:
Վերստին կրկնում ենք, որ տեսնում ենք բացառապես Լ. Տեր-Պետրոսյանին, ինչպես որ տեսել ենք 1999թ.-ից ի վեր: Իսկ նրա չառաջադրման ենթադրելի թեզը հիմք ընդունելով՝ այլ տարբերակների մասին մտածելն առնվազն մեր կողմից անպարկեշտ եմ համարում, ինչպես որ արժանի չեմ համարում քննարկել ցանկացած մեկի՝ էժան շրջանառության նետած թեկուզ հանճարեղ կամ ազգափրկիչ ցանկությունները:





























