Արմավիրի մարզում 22-ամյա Վ.Հ-ն ամուսնացել է անչափահասի հետ, ինչի արդյունքում 15-ամյա Ք.Ն հղիացել է: Արամավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
22-ամյա Վ. Հ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. ապրիլի 23-ին փաստական ամուսնական հարաբերություններ է հաստատել Կոտայքի մարզի Գեղ գյուղի բնակչուհի Ք.Ն-ի հետ եւ համատեղ ամուսնության ընթացքում , լինելով 18 տարին լրացած անձ, սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ: Ավելին` 15-ամյա Ք.Ն-ն հղիացել է: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ:
Քրեական գործ է հարուցվել 141 հոդվածի հատկանիշներով` 18 տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ: Սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-250-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալը: Գործը դատարանում վարույթ է ընդունվել դեկտեմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























