Ազատամարտիկների փողոցում օգոստոսի 17-ին հրազենային վնասվածքից մահացած գործարար Միշա Քալանթարյանը չէր կարող ինքնասպանություն գործել, քանի որ կյանքը սիրող մարդ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մահացածի ավագ եղբայրը` Փայլակ Հայրապետյանը: Նրա խոսքով, իրականում, ոչ թե ինքնասպանություն, այլ դժբախտ պատահար է եղել եւ ձեռքի մեջից պատահաբար հրազենը կրակել է: «Նա ինչի՞ պետք է ինքնասպան լիներ: Լավ ապրելակերպը, ընտանիքը, երեխաները, ունեցվածք ուներ»,- նկատեց Փայլակ Հայրապետյանը: Դիտարկմանը, թե որն էր պատճառը, որ մահից հետո ինքնասպանության վարկածը շրջանառվեց, նա ասաց «Ինքը զենքի հետ սեր ուներ: Գալիս եւ խաղում էր զենքերի հետ: Դեպքից մի քանի օր առաջ, երբ հանդիպեցի նրան ասացի, որ զենքի հետ չի կարելի այդքան խաղալ: Բայց ինքը գալիս էր զենքը լվանում, յուղում, քանդում էր: Այդ աշխատանքները կատարելու ժամանակ էլ լուլայի մեջ պատրոն ա եղել ու միանգամից կրակել է: Նա կյանքը սիրող մարդ էր, ինչի՞ պետք է ինքնասպան լիներ»,- ասաց Փայլակ Հայրապետյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 17-ին Ազատամարտիկների փողոցում հրազենային վնասվածքից մահացել է գործարար Միշա Քալանթարյանը: Հարցին, թե որն է եղել ինքնասպանության պատճառը մահացածի եղբայրը` Փայլակ Հայրապետյանը պատասխանել էր. «Չէ, ոչ մի պատճառ, ուղղակի խմած է եղել: Նրան մտահոգող ոչ մի խնդիր չկար: Իր ընտանիքը մաքուր, ինքը` մաքուր, իր երեխաները` սուրբ երեխաներ: Մտահոգող ոչ մի բան չի ունեցել: Նա պարզապես հաճախ խմում էր ու դրա ազդեցության տակ էլ ինքնասպանություն է գործել»: Փայլակ Հայրապետյանը ավելի վաղ տեղեկացրել էր նաեւ,որ հարազատ եղբոր ազգանունն անձնագրով Քալանթարյան է: Փայլակ Հայրապետյանի խոսքով, Միշան իր կրտսեր եղբայրն է, իսկ ազգանունի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունն է վերցրել որպես ազգանուն, իսկ Միշա Քալանթարյանի ազգանունը պապական ազգանունն է:
Նշենք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Մանրամասները պարզվում են: Նշանակվել է Մ. Քալանթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: Իսկ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիտրով) հասցեում, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը: Նշենք, որ Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:


























