Հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանացյանը նեղացած չէ ՀՀԿ-ից, ընդհակառակը՝ շնորհակալ է, որ թույլ են տվել բիզնեսով զբաղվելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ՀՀԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Արզաքանցյանը:

«Էս կարգավիճակում ես ինձ լավ եմ զգում եւ ուշադրություն եմ դարձնում իմ անձնական գործերին»,- ասաց նա:

Նախկին պատգամավորը չի կարոտում մանդատը, օրենսդրական գործունեությունը: Ի դեպ, խոսելով իր օրենսդրական գործունեության մասին, թե օրինակ, քանի օրենքի նախագծի մշակման է մասնակցել, ինչ օրենքներ է առաջարկել ընդունել, նա ասաց. «Կամպյուտերը բացեք, մի քիչ հետ տարեք, կտեսնեք»:

Գործարար գործունեության մասին խոսելիս էլ Տիգրան Արազաքանցյանը նշեց, որ իրենք եւս իրենց վրա զգացել են ֆինանսատնտեսական ճգնաժամը: Նա տեղեկացրեց, որ  Հրազդանում գործարան են բացել, վարկեր են վերցրել, որ կարողանան բիզնեսը զարգացնել, մեծացնել, իսկ եկամուտները կերեւան մեկ տարվա ընթացքում:

«Ո՞նց չենք զգացել ճգնաժամը: Նվազել են վաճառքները, էքսպորտ էին ուղարկում էժան, միջին, բարձր գներով ապրանքներ, բայց հիմա միջին եւ բարձր գներով ապրանքների սպառումը մեծ չէ, հիմա  մենակ վաճառվում են ցածր գների ապրանքներ»,- ասաց նա: