Հայաստանի Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 17-ին միջադեպ տեղի ունեցավ: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը ներկայացնում էր «Ազգային Ժողովի» կանոնակարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով պետք է փոխվի էթիկայի հանձնաժողովի կարգավիճակը: Առաջարկվում է հանձնաժողովում հավասարակշռություն ստեղծել ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների միջեւ: «Էթիկայի հանձնաժողովը չպետք է լինի եւ չի կարող լինել քաղաքական մարմին»,-հայտարարեց Ա.. Հովհաննիսյանը:

ՀՅԴ խմբակցության անդամներ Արծվիկ Մինասյանը եւ Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեցին, թե ինչու է հարցը ներկայացնում մի անձ, որը նույնիսկ էթիկայի հանձնաժողովում չի ներկայացված: Այս հարցադրումները հունից հանեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: «Ձեր ի՞նչ գործն է, թե ով է ներկայացնում։ Ձեզ ինչ տարբերություն, թե ո՞վ է ներկայացնում։ Մենք ենք որոշում՝ ով է ներկայացնում։ Հինգ հոգով ուզում եք յոթանասուն հոգուն ստիպել որոշում կայացնել։ Բացառված է։ Խնդրում եմ բովանդակային հարցեր տալ։ Ի՞նչ եք խառնվել իրար, օրիորդի հետ եք խոսում, գոնե դա հաշվի առեք»,- ասաց Աբրահամյանը։

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը, ընդառաջելով ԱԺ նախագահի հորդորին, Արփինե Հովհաննիսյանին դիմեց այսպես. «Հարգելի օրիորդ Հովհաննիսյան, ուզո՞ւմ եք այս մի մարմինն էլ ոչնչացնեք, չգործի»: Հովիկ Աբրահամյանը նրան կոռեկտության եւ հանգստանալու կոչ արեց։

Աղվան Վարդանյանին հետաքրքրում էր, թե Դավիթ Հարությունյա՞նն ուր է, նա ինչո՞ւ չկա: «Ձեզ ի՞նչ ուր է»,- պատասխանեց Հովիկ Աբրահամյանը՝ Արփինե Հովհաննիսյանի փոխարեն: Վահան Հովհաննիսյանն էլ տեղից մի ռեպիկ արեց, ինչին ԱԺ նախագահը այսպես արձագանքեց, «Աաբեկո՞ւմ եք: Մի անգամ ահաբեկեցիք՝ տեսանք որտեղ հայտնվեցիք, հիմա ի՞նչ եք ուզում»:

Հովիկ Աբրահամյանը առաջարկեց նաեւ ստուգել ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանի լսողությունը, քանի որ նա էլ միջամտեց ու ըստ Հովիկ Աբրահամյանի, սխալ բաներ էր լսել: