Հայաստանի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի վրա հարձակումը սկսվեց, երբ հանձնաժողովը սկսեց քննության առնել 83 պատգամավորների վարքագիծը, որից 74-ը՝ իշխանական կոալիցիայի անդամներ են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն, ըստ Ն. Փաշինյանի, էթիկայի հանձնաժողովի որոշումները որեւէ իրավական հետեւանք չունեն: «Կայծակնային արձագանք եղավ, 10 օրում օրենքը գրվեց, հաստատվեց կառավարության նիստում, բերվեց արտահերթ նիստի օրակարգ: Կառավարությանը տղա են բերել էթիկայի հանձնաժողովի վրա, քանի որ ապահով չի զգում իրեն»,- ասաց Ն. Փաշինյանը:

Այնուհետ Ն. Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ քաղաքական իրավիճակին, ասելով, որ մեր երկրում տոտալիտար կառավարման համակարգ է, ինչի ապացույցն է բոլոր կարգի ընտրություններում իշխանության հաղթանակը: Նա նաեւ հայտարարեց, որ ոստիկանները ՀՀԿ կրծքանշանով են ման գալիս, որ ապահովված լինեն:

Ն. Փաշինյանի ելույթը ընդմիջեց ԱԺ նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ հորդորելով Ն. Փաշինյանին խոսել հարցի բովանդակությանը մոտ:

«Ես գիտեմ թե ինչ կխոսեմ»,- պատասխանեց Ն. Փաշինյանը: