Հայաստանի Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի կարգավիճակը փոխելու քննարկումները բուռն ընթացք ունեն: Հերթական միջադեպը գրանցվեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ:
Իր ելույթում Արծվիկ Մինասյանն ասաց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը քաղաքական սաբոտաժի է ենթարկում էթիկայի հանձնաժողովի աշխատանքը; «Այն ինչ արեց Դավիթ Հարությունյանը, էթիկայի հանձնաժողովում առանձին քննարկման հարց է: Իր պահվածքով թե հեղինակազրկեց էթիկայի հանձնաժողովը, թե ԱԺ պատգամավորին, թե ԱԺ-ին ընդհանրապես»,- հայտարարեց Ա. Մինասյանը:
Այս խոսքերին տեղից միջամտեց ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանը: Թե ինչ ռեպլիկ հնչեցրեց Ս. Ավետիսյանը, լսելի չէր, սակայն ամբիոնի մոտ կանգնած Ա. Մինասյանն այսպես արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ տեղից ռեպլիկներ չանեք, բան ունեք ասելու, հելեք ստեղից ասեք: Բավական եղավ, հերիք եղավ... Ձեր քաղաքական մեծամասնության կնոպկեք չեն այստեղ, սա ամբիոն է: Քեզ հանգիստ պահի...»:
Ռեպլիկ թողեց նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Պրն. Մինասյան, չգիտեմ ինչ է կատարվում ձեզ հետ, բայց ինչ որ բան կատարվում է...»:




























