Վրաստանի ղեկավարությունը պետք է առաջին քայլն անի, որպեսզի հարթի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Մենք պատրաստ ենք երկխոսության, համագործակցության, բայց պետք է ուշադրություն դարձնենք ոչ միայն Վրաստանի ղեկավարության հայտարարություններին, այլեւ՝ իրական քայլերին, որոնք նրանք պետք է առաջինն անեն: Ցավոք, նրանք դեռ չեն խոսում այն մասին, որ ուժ չեն կիրառի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ, որոնք անկախ երկրներ են եւ ճանաչվել են Ռուսաստանի կողմից»,-ասել է Պատրուշեւը «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում:

Նրա խոսքով, հիմա Վրաստանում բարդ քաղաքական մթնոլորտ է, բացի այդ այդ երկրի վրա ազդում են ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն: «Նկատելի են հակասություններ նախագահ Սահակաշվիլիի եւ վարչապետ Իվանիշվիլիի միջեւ, նրանք պետք է լուծեն ներքին խնդիրները, կողմնորոշվեն, թե նրանցից ում ինչ դեր է վերապահված: Նրանցից մեկն ասում է, որ շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, մյուսը նման բան չի ասում: Մի շարք հարցերում նրանց դիրքորոշումները համընկնում են, օրինակ երկուսն էլ հայտարարում են, որ իրենց նպատակը Վրաստանը ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ դարձնելն է»,-նշել է Պատրուշեւը, հավելելով, որ «Վրաստանի ղեկավարությունը պատերազմ է սկսել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ, որտեղ շատ ՌԴ քաղաքացիներ են ապրում եւ լուրջ միջպետական հակասություն առաջացրել»: