Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին 66 կողմ, 28 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Դրանով փոխվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի ձեւավորման կարգը, ինչը երեկ բուռն քննարկումների արժանացավ:
Հարցը ներկայացնող ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ներկայում ընթանում են քննարկումներ ԲՀԿ-ի հետ՝ համաձայնության եզրեր գտնելու համար: ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը հայտարարեց, որ իրոք ընթանում են բանակցություններ, ու եթե համաձայնություններ լինեն՝ երկրորդ ընթերցման ժամանակ ԲՀԿ-ն կփոխի իր վերաբերմունքը, իսկ առաջին ընթերցմամբ դեմ է քվեարկելու:
Նշենք, որ գործող օրենքով էթիկայի հանձնաժողովը ձեւավորվում է ըստ ԱԺ-ում ներկայացված քաղաքական խմբակցությունների թվի, ինչի շնորհիվ ընդդիմադիր կուսակցությունները մեծամասնություն են ստացել: Արփինե Հովհանննիսյանի եւ Դավիթ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է, որ էթիկայի հանձնաժողովը պետք է ձեւավորվի ըստ ԱԺ-ում քաղաքական ուժերի համամասնությունների:





























