Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով այսօր` դեկտեմբերի 18-ին կայացած նիստում հայտարարվեց դատաքննության ավարտի մասին:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված համարեց առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը: Այն, ըստ մեղադրողի, ապացուցված է գործի փաստական ապացույցներով՝ տուժողի, վկաների ցուցմունքներով, նաեւ նախաքննության գրեթե ավարտական փուլում ամբաստանյալի մասնակի խոստովանական ցուցմունքով:
Ս. Հարությունյանը հաստատված համարեց, որ տուժող Մեխակ Գաբրիելյանը Ս. Ղազարյանից պարտքով վերցրած գումարի դիմաց պարտաճանաչ վճարել է 3.5-5-10 տոկոս, ինչպես նաեւ մարել պարտքի մայր գումարը:
«Եվ այս ամենից հետո Սամսոն Ղազարյանի մոտ մնացել է ցանկություն մի փոքր էլ ավելին ստանալ՝ 10 հազար ԱՄՆ դոլար, սակայն չհասնելով իր նպատակին, այսինքն՝ չստանալով հավելյալ 10 հազար ԱՄՆ դոլարը, ամբաստանյալը մեղմ ասած՝ զայրացել է եւ հավանաբար այս պատճառով, չմտածելով հետեւանքների մասին, իր մոտ պահած, ըստ էության ոչնչացման ենթակա ստացականը ներկայացրել է դատարան եւ պահանջել ոչ ավել, ոչ պակաս՝ 60 հազար ԱՄՆ դոլար եւ իրավունք է ձեռք բերել տուժողի գույքի նկատմամբ»,- ասաց մեղադրողը, հավելելով՝ ամբաստանյալը կատարել է հափշտակություն խարդախության եղանակով:
Ս. Հարությունյանն ընդգծեց, որ վկաները միաբերան հաստատել են, որ Ս. Ղազարյանը տոկոսով գումար է տվել եւ ամբողջությամբ ստացել մայր գումարն ու տոկոսները, ընդ որում, վճարված տոկոսների գումարը գերազանցել է մայր գումարը:
Ըստ մեղադրողի, Սամսոն Ղազարյանը կատարել է ծանր եւ միջին ծանրության հանցագործություններ, որոնք «վերջին շրջանում լայն տարածում են ստացել մեր կյանքում» եւ հասարակական վտանգավորություն են ներկայացնում, ուստի միջնորդեց ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Տուժողն ու պաշտպանական կողմը միջնորդեցին իրենց երկշաբաթյա ժամանակ տրամադրել ճառերը պատրաստելու համար, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ 2013թ. հունվարի 11-ը:




























