Լոռիի մարզի Պետրովկա գյուղում երեկ՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ահասարսուռ սպանության փաստով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 6-12 տարի ժամկետով):
Մորն սպանած 20-ամյա տղան, սակայն, տառապում է հոգեկան խնդիրներով եւ, հնարավոր է, նա անմեղսունակ ճանաչվի իր կողմից գործած արարքում: Այս ամենը սակայն կպարզվի քննությամբ նշանակված դատահոգեբուժական փորձաքննությունից հետո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, երեկ՝ դեկտեմբերի 18-ին ժամը 10:00-ի սահմաններում, 20-ամյա Յուրիկ Ավագիմովը իրենց տնամերձ հողամասում՝ ծառի տակ, ծեծելով ու տանջամահ անելով սպանել է հարազատ մորը՝ 43-ամյա Սուսաննա Դավոյանին: Յուրի Ավագիմովին ոստիկանները հայտնաբերել են Տաշիր քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտից: Յուրի Ավագիմովը ձերբակալված է:
Լուսանկարները ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























