Հայ հեղափոխական դաշնակցությունը մասնակցելու է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություներին, բայց ֆորմատի մասին կխոսեն Գերագույն ժողովի օրը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու եւ ոչ մեկին չսատարելու որոշմանը՝ նա նշեց, որ չի կարծում, որ դա կարդինալ կերպով կփոխի ՀՅԴ-ի դիրքորոշումը, որովհետեւ իրենց որոշումը ԲՀԿ-ից չէր կախված: Նրա կանխատեսմամբ՝ փոփոխություններ կլինեն ոչ այնքան քաղաքական, որքան հասարակական ասպարեզներում: Մասնավորապես, Վահան Հովհաննիսյանը մանրամասնեց, որ կարողէ տարիներ շարունակ ընտրակաշառքով ընտրության գնացող հայ հասարակության համար հետաքրքիր վիճակ ստեղծվի եւ այս անգամ փող չբաժանվի:
«ԲՀԿ-ն թեկնածու չի դրել, ուրեմն այդ կողմից նյութական ոչ մի սպասելիք չի լինի, ՀՀԿՆ-ն էլ մոտիվացիա չի ունենա ընտրակաշառք բաժանելու: Քաղաքական ուժերը ստիմուլ չեն ունենա նյութական առումով ընտրազանգվածին շահագրգռելոջ, սա իսկապես արտառոց երեւույթ է»,- ասաց նա՝ կանխատեսելով, որ միգուցե իսկական ընտրություններ անցնեն, թեեւ կարող է շահագրգռեն մարդկանց ուղղակի գնալու համար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























