Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովի ձեւավորման հարցում իշխանություններն ու ընդդիմությունը կոնսեսուսի չհասան: Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ազգային Ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: «Բարգավաճ Հայաստանն» ասում է՝ ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն դասական իմաստով: Պետք է փաստենք այդ իրողությունը»,- ասաց Ա. Հավհաննիսյանը:

Նրա խոսքով՝ էթիկայի հանձնաժողովում ընդդիմությունն ու իշխանությունը պետք է ունենան հավասար քանակի ձայներ: «Քաղաքական հավասարակշռություն է պետք ապաքաղաքական որոշումների համար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու հարցը խորհրդարանին են ներկայացրել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Դավիթ Հարությունյանը: Ընդդիմությունն առաջարկում է յուրաքանչյուր քաղաքական ուժից էթիկայի հանձնաժողովում ապահովել հավասար ներկայացուցչություն: Հանրապետական մեծամասնությունը դա չի ընդունում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունները (ԲՀԿ-ն էլ հաշվի առած) ԱԺ-ում չորսն են դարձել, իսկ իշխանականները՝ երկուսը: Հետեւաբար՝ ԱԺ քաղաքական մեծամասնությունը էթիկայի հանձնաժողովում փոքրամասնություն ունի:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am