Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան եւ Ադրբեջանն այդ պատմական իրադարձությունը վարկաբեկելու ամեն ջանք կգործադրեն այն երկրներում, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտնել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար եւ ՀՅԴ բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Ըստ Մանոյանի՝ Հայաստանի նպատակը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելը պետք է լինի, այլեւ դրա հետեւանքները վերացնելու հարցը: «Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցի լուծումը պետք է դառնա ամբողջ հայությանը միավորող խնդիր: Հայաստանի նախագահը այդ հարցը մի անգամ բարձրացրել էր 2010թ.-ի դեկտեմբերին, մինչդեռ այդ հարցն ավելի կարեւոր է Ցեղասպանության ճանաչումից, քանի որ շատ երկրներ արդեն ճանաչել են այդ պատմական փաստը»:
Ըստ Մանոյանի կանխատեսումների՝ մինչեւ 2015թ. կնվազի այն երկրների թիվը, որոնք դեմ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: «Օրինակ, ԱՄՆ-ի օրենսդիր մարմինը, որը բազմիցս ճանաչել է Ցեղասպանությունը, փորձեր կձեռնարկի երկրի գործադիր մարմնի վրա ազդելու համար: Կնվազի նաեւ այն երկրների թիվը, որոնք չեն ճանաչում Ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիայի հետ լավ հարաբերություններից»:





























