Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի հետ կապված հակասություններ են առաջացել Հայ ազգային կոնգրեսում: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը քվեարկության դնելուց առաջ ՀԱԿ անդամներ Լեւոն Զուրաբյանն ու Նիկոլ Փաշինյանը հակասական հայտարարություններ են արել: Սովորաբար այս հարցի հետ կապված հայտարարություններ մինչ այդ անում էր միայն Ն. Փաշինյանը, ով նաեւ էթիկայի հանձնաժողովի նախագահն է: Այս անգամ ՀԱԿ-ի անունից հայտարարությամբ հանդես եկավ Լ. Զուրաբյանը, ասելով. «Դեմ լինելով մեծամասնության փորձերին՝ վերահսկողություն հաստատել էթիկայի հանձնաժողովի նկատմամբ, ինչպես նաեւ վարույթ ունենալով փոխելու հանձնաժողովի ձեւավորման սկզբունքը, Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցի քվեարկությանը, իսկ ապագայում հանձնաժողովին իր մասնակցության հարցը դեռ կքննարկի»:
Իր այս հայտարարությամբ, ըստ էության, Լեւոն Զուրաբյանը հետ վերադարձավ այն դիրքորոշմանը, որ ընդդիմությունն արտահայտում էր մինչ առաջարկվող օրինագծում զիջումներ կատարելը:
Պատահական չէ, որ այնուհետ Ն. Փաշինյանը այլ կերպ ներկայացրեց հարցը: «Ես ուզում եմ արձանագրել, որ, ըստ էության, հիմա քվեարկության է դրվում նոր նախագիծ, որ նախնական տպավորությամբ էթիկայի հանձնաժողովում այսօր առկա իրավիճակը դե ֆակտո որեւէ կերպ չի փոխում: Բայց ունեցել ենք դեպքեր, երբ մի բան ընդունվել է, մի բան հրապարակվել է: Այս հարցի վերջնական լուծումը մնում է այս նախագծի պաշտոնական հրապարակումից հետո... բայց արձանագրենք, այս պահին քվեարկության է դրվում բոլորովին այլ նախագիծ՝ առանց մեծամասնության նախնական հավակնությունների...»:
Սամվել Ավագյան



























