Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նախատոնական առեւտրին ընդառաջ, մայրաքաղաքի վարչական շրջաններում գյուղատնտեսական մթերքների նոր շուկաների կամակերպման եւ գործարկման շրջանակում` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան 10/5 հասցեում գյուղմթերքի տոնավաճառ է բացվել:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ տարածքները, տաղավարները, կշեռքներն ու սայլակները, ինչպես նաեւ պահեստային հատվածն ու սառնարանային խցիկները գյուղմթերք արտադրողներին Երեւանի քաղաքապետարանը մինչեւ ամանոր տրամադրել է անվճար: Ի դեպ, շուկան գործելու է ամեն օր:
Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում բացված այս շուկայի նպատակը բնակչությանը հարմարավետ պայմաններում մատչելի գնումներ կատարելու հնարավորություն ընձեռելն է:
Բնակիչներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների մատչելիությունը:





























