Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեղավոր չէ, որ բոլորից լավ կարող է բարձրացնել ծանրաձողը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքով, իրենց կուսակցությունը մեղավոր չէ, որ նախագահական ընտրություններում իր թեկնածուն արժանի մրցակիցներ չունի:
«Եթե ինչ-որ մեկը բարձրացնում է ամենածանր ծանրաձողը, որոնք մյուսները չեն կարողանում բարձրացնել, ով է մեղավոր, նա՞, թե՞ իր մրցակիցները: Մենք բոլորից լավ ենք բարձրացնում ծանրաձողը եւ դա օբյեկտիվ փաստ է»,-ասաց Բադեյանը:
Հարցին, թե իր կարծիքով, ինչո՞ւ ընտրություններին մասնակցելուց հրաժարվեց ԲՀԿ-ն, պատգամավորը պատասխանեց, որ նման կերպ նույնպես կարելի է արտահայտել քաղաքական հայացքները: «Իսկ ԲՀԿ-ի ընտրազանգվածը ազատ է ընտրել ում ցանկանա»,-հավելեց նա:
Նույն հարցի առնչությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը պահանջեց հանդես գալ միայն սեփական կուսակցության անունից: «Դուք ուրիշ կուսակցության անունից հանդես մի եկեք: Իմ կուսակցության անունից ես կխոսեմ»: Այդուհանդերձ, Լ. Խաչատրյանը չցանկացավ ոչինչ ավելացնել ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ ԲՀԿ օրեր առաջ արված հայտարարությանը:





























