Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ լուրջ հակամարտություն է հասունանում: Ադրբեջանական  Vesti.Az թերթի տվյալով, նախորդ հանգստյան օրերին  Music bar 11 ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցների եւ սպանության մանրամասներ են ի  հայտ եկել:  Պարզվել է, զոհը չեչեն է եղել, եւ նրա հայրենակիցներն արդեն վրիժառության համար Հյուսիսային մայրաքաղաք են ժամանել: Music bar 11-ի դեպքերին մասնակցել է «տամբովյան» խմբավորման  42-ամյա քրեական հեղինակություն Լեոնիդ Խրիստոֆորովը:

Այս պահին նրան՝ որպես Իսպանիայի դատախազությունից փախած «ռուսական մաֆիայի» անդամի, փնտրում է Ինտերպոլը: Music bar 11-ում կրակոցներ էին հնչել դեկտեմբերի 16-ի գիշերը:  Այդ գիշեր Music bar 11-ի այցելուների թվում հետաքրքիր պերսոնաժներ կային: Պետերբուրգում հայտնի անձանցից ճանաչել են Լեոնիդ Խրիստոֆորովին, նրա հետ են եղել 41-ամյա Սալեհ Կուզգովը եւ «ադրբեջանական բիզնեսի ոլորտում ոմն «թելադրող»»:

Fontanka.ru-ն հայտնում է, որ ադրբեջանցի նշված հեղինակությունը շատ ազդեցիկ է Շամքորի շրջանում:

Music bar 11-ում կատարվածի պատճառները հայտնի չեն, սակայն երբ գիշերվա ժամը 3-ի սահմաններում չեչեններ Ադամ Դաշաեւը եւ նրա ինգուշ ընկերը լքել են ակումբը, նրանց հետեւել են չորս ադրբեջանցիներ: Դա արձանագրել են հսկող տեսախցիկները: Իսկ մի քանի րոպեից կրակոցներ են հնչել: Ականատեսները պատմել են, որ կողմերի միջեւ կռիվ է սկսվել: Կրակոցներ են հնչել, Ադամ Դաշաեւը տեղում մահացել է: Հաջորդ օրը «Պուլկովոյում» վայրէջք է կատարել այն ինքնաթիռը, որով ժամանել են հանգուցյալի ազգականներն ու ընկերները: Արդեն ակնհայտ է, որ չեչենի սպանությունը կարող է քրեական մեծ բախում հրահրել, գրում է աղբյուրը:

Հյուսիսային մայրաքաղաքի ադրբեջանցիների եւ չեչենների միջեւ նախկինում էլ են հակասություններ ծագել: