Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները կասեցրել են թանկարժեք ալկոհոլի ընդհատակյա արտադրությամբ զբաղվող խոշոր ցանցի գործունեությունը: Նրանք Ռուսաստանի տարածքում արտադրում եւ իրացնում էին կեղծ վիսկի, կոնյակ եւ «վրացական» գինի:
Ձերբակալվել են հանցախմբի տասնյակ անդամներ, Ռուսաստանի երեք շրջաններում արտադրության պահեստները կալանքի տակ են:
Պարզվել է, որ հանցախումբը զբաղվել է նաեւ կեղծ արտադրանքն ամբողջ Ռուսաստանի տարածք առաքելով: Վաճառքն իրականացրել են մանրածախ ընկերությունների եւ համացանցային խանութների միջոցով: Արտադրանքը դրոշմակնքված է եղել կեղծ ակցիզներով, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
RBC-ն հայտնում է, որ Ռյազանի Սպասսկի շրջանում ալկոհոլի հայտնի ապրանքանիշների կեղծ խմիչքներ են արտադրվել. Jack Daniel`s, Johnnie Walker, Chivas Regal վիսկիներ, Remy Martin, Martell, Hennessy կոնյակներ, Olmeca տեկիլա եւ վրացական գինի՝ կեղծ ակցիզներով դրոշմակնքված:
Արտադրամասում շշալցման հինգ գիծ է գործել՝ ժամում ընդհանուրը վեց հազար շիշ է լցվել: Աշխատակիցները միջինասիացի եւ կովկասցի եկվորներ են եղել: Արտադրամասից առգրավվել է 22 տ սպիրտ, 17 հազ. շիշ կեղծ կոնյակ եւ վիսկի, 19 հազ. շիշ գինի:





























