Հայաստանի կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 20-ի նիստից հետո, լրագրողները փորձեցին ճշտել կառավարության անդամների վերաբերմունքը պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») պահվածքի առթիվ, ով սպառնացել էր լրագրող Մհեր Արշակյանին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ տեղյակ չէ միջադեպից եւ արագ հեռացավ:

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նույնպես տեղյակ չէր, սակայն հավելեց, որ եթե բռնություն է եղել՝ ինքը դատապարտում է:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ այսօր առավոտյան է տեղեկացել միջադեպի մասին: «Նման երեւույթները ցանկալի չեն... փառք Աստծո, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը մեզ մոտ էականորեն կրճատվել են, եւ ամեն ինչ պետք է անել, որ դրանք զրոյացվեն»,- ասաց Հ. Թովմասյանը: Հարցին, թե պատասխանատվության ի՞նչ միջոց պետք է կիրառվի Մհեր Սեդրակյանի նկատմամբ, արդարադատության նախարարը պատասխանեց, որ իրավական պատասխանատվության ձեւեր չկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովի միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը հրաժարվել է պատասխանել Մհեր Արշակյանի հարցին եւ վիրավորել նրան ասելով. «Դավա՜յ, դավա՜յ, յալլա՜, կտամ ծնոտդ կպոկեմ»:

Դրանից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԿԳ նախարար ԱՐմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական պատկամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը հրապարակավ ներողություն էին խնդրել լրագրողից՝ իրենց կուսակցի արարքի համար, սակայն ինքը՝ Սեդրակյանը, ներողություն չէր խնդրել: