Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանի նոր կառավարությանը «ծույլիկ» է անվանել եւ խոստացել «երկրում վերականգնել արդարությունը»: Սահակաշվիլին այդ հայտարարությունն արել է այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ռուսթավիում սակրեբուլոյի (տեղական ինքնակառավարման մարմին) ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով նախկին պաշտոնյաների ձերբակալությունները:
«Մենք անպայման երկրում կվերականգնենք արդարությունը եւ կարգուկանոնը, սահմանադրական կառավարումը եւ մարդու իրավունքների պաշտպանությունը… Երբ մենք իշխանության եկանք, մենք ձերբակալում էինք այն մարդկանց, որոնց պատճառով երկրում լույս չկար, իսկ այս «ծույլիկները» ձերբակալում են Խետագուրիին, որի շնորհիվ երկրում լույս եղավ, եւ Գվարամիային, ով պայքարում էր կոռուպցիայի դեմ», - հայտարարել է նախագահը:
Ըստ Միխայիլ Սահակաշվիլիի՝ նոր կառավարությունը նախկին իշխանությունների ստեղծած ինստիտուտների դեմ է պայքարում: Ընդ որում, դադարեցվել են նախկին կառավարության օրոք սկսված ենթակառուցվածքային բոլոր նախագծերը: «Մենք այնքան ենք կառուցել, որ վարչապետն անգամ 50 տարում էլ չի կարող քանդել այդ բոլոր նախագծերը», - հայտարարել է Միխայիլ Սահակաշվիլին, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Գռուզիա Օնլայնի» տեղեկացմամբ, Սահակաշվիլին հայտարարել է, որ նախկինում Վրաստանում այսքան ձերբակալություններ չեն եղել:
«Ասում են, որ «Ազգային շարժման» կառավարման օրոք մարդկանց ձերբակալում էին: Առաջին հերթին նայեք թվերին: Վրաստանը փոքր երկիր է, եւ տոկոսային հարաբերակցությամբ այս թվով ձերբակալություններ չեն եղել նույնիսկ ամենածանր ժամանակաշրջանում: Համենայն դեպս՝ վերջին տասնամյակներին, նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանն անկախ չէր», - ասել է Սահակաշվիլին:
«Գողը դուրս է գալիս բանտից, կաշառակերը նստած է աշխատասենյակում, իսկ ձերբակալում են նրան, ով պայքարել է կոռուպցիայի եւ հանցավորության դեմ: Դուք կարծում եք, թե այս ամենը ժողովուրդը չի՞ տեսնում եւ դրան ոչինչ չի՞ հետեւի», - հարց է ուղղել Սահակաշվիլին:




























