Թուրքիայի ազգային կրթության նախարար Օմեր Դինչերն այցելել է Ստամբուլի հայկական մասնավոր Մխիթարյան վարժարան (Փանգալթը) եւ ներկա գտնվել հայ աշակերտների կազմակերպած «Լեզուների եղբայրություն» միջոցառմանը։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հայկական Մխիթարյան վարժարանի տնօրինության հրավերով կրթօջախ այցելած Ազգային կրթության նախարար Օմեր Դինչերը խոսել է Թուրքիայում ապրող տարբեր ազգությունների համատեղ եւ եղբայրաբար ապրելու անհրաժեշտության մասին՝ շեշտելով, թե այդ նպատակով դպրոցական նոր՝ 4+4+4 համակարգը թույլ է տալիս, որ ուսումնառության ընթացքում ամեն աշակերտ սովորի իր կրոնը։
Նախարար Օմեր Դինչերը հետեւել է հայ աշակերտների կազմակերպած «Լեզուների եղբայրություն» ներկայացումը, որի ընթացքում հայերենով եւ թուրքերենով հնչել են մի շարք երգեր եւ ստեղծագործություններ։
Նշենք, որ Ստամբուլի հայկական մասնավոր Մխիթարյան (Փանգալթը) վարժարանը Ստամբուլի 917 վարժարանների (լիցեյ) մեջ գտնվում է լավագույն առաջին տասնյակում։




























